ՀՀ պաշտպանության
նախարարությունն ու նրա ղեկավարությունն այսօր պատասխանատվություն են կրում զինվորների
հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բանակում դեստրուկտիվ պաշտամունքների և
փողոցային բարքերի դեմ պայքարին նվիրված մամուլի ասուլիսում:
Ըստ Օհանյանի, տարբեր տեսակի տեսություններ և
սուբմշակույթներ զգալի սպառնալիք են իրենց մեջ կրում ոչ միայն հայ հասարակության,
այլ նաև զինված ուժերի համար: «Հարկավոր է հստակ պատկերացնել դեստրուկտիվ
պաշտամունքների տարածումը, դրանց հետևանքներն ու դրսևորումները, որպեսզի դրանց դեմ
պայքարը լինի արդյունավետ և նպատակային: ԶՈՒ ղեկավարությունը պատրաստ է լսել այդ
պրոբլեմի վերաբերյալ կարծիքները, տարբեր փորձագետների և հասարակական ու քաղաքական
գործիչների դիրքորոշումները: Մենք հակված ենք համագործակցության»,-նշել է
նախարարը: Այս համատեքստում նա հավելել է, որ արդեն մշակված է զինվորների
հայրենասիրական դաստիարակության 2014-2015 թվականների միջոցառումների պլանը:
Նախարարը գտնում է, որ դաստիարակչական աշխատանքները պետք
է ընթանան գիտականորեն հիմնավորված և համակարգված ուղիով, անհրաժեշտ է նաև
հոգևորականության, մտավորականության և այդ պրոբլեմի հետ առնչվող այլ կառույցների
հետ համատեղ պարզել, թե ինչպիսին է իրական պատկերը, ճիշտ հասկանալ մարտահրավերների
տարածումն ու մասշտաբները, գործող օրենսդրության սահմաններում իրականացնելով
արդյունավետ քարոզչություն:
Նա
ընդգծել է, որ աղանդների հետ կապված պրոբլեմները քննարկելիս հաճախ կարելի է բախվել
միամիտ պատկերացումների ու մոտեցումների, որ վտանգավոր են միայն կրոնական այն
տեսությունները, որոնք արգելում են կրել զենք: «Բայց դա միայն այսբերգի գագաթն է:
Սարսափելի է մտածել, որ զենքը կարելի է վստահել ինքնասպանության հակում
ունեցողին, էմո կամ մեկ այլ սուբմշակույթի
ներկայացուցչին, սարսափելի է մտածել, որ առաջնային գծում մարտական
հերթապահությունը կարող է կրել սատանիստը, որը մասնակցել է զանազան կասկածելի
ծեսերի»,-հայտարարել է նախարարը: