ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ այն պնդումներին, որ ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը գնալով մարում է: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Ըստ դաշնակցականի, երկրում վերջնական նպատակին, խորը բարեփոխումների, ինչպես նաև համակարգային փոփոխությունների հասնելը երկարատև, հետևողական և գրագետ գործողություններ պահանջող գործընթաց է, և շատ կարևոր է նաև ընդդիմադիր ուժերի միավորումը:
ՙՑավոք, ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ընթացող իրադարձությունները զարգացան այն սցենարով, որի մասին բազմաթիվ անգամ խոսել էր ՀՅԴ-ն: Շարժումը, փաստորեն, երեք թևերի բաժանվեց, առաջին թևը բավականին ռադիկալ էր տրամադրված և ցանկանում էր գրոհել նախագահի նստավայրը, երկրորդ թևը Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ, իսկ երրորդ թևն, ընդհանրապես, չգիտեր թե ուր գնալ: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ դեռ վաղե է շարժումը մարելու մասին խոսելը՚,-ասել է Ռուստամյանը:
Ռուստամյանը նշել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները դա ընդդիմությանը հնարավորություն է տալիս մայրաքաղաքում իշխանությունն իր ձեռք վերցնել, այստեղի էլ նախաձեռնել քաղաքական համակարգի փոփոխությունները: