Ղազախստանի նախագահ Նազարբաևի թատերական ելույթը փոթորիկ բարձրացրեց մեկ բաժակ ջրում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը`մեկնաբանելով հայ հասարակության արձագանքն Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարության առնչությամբ:
ՙՀայաստանում անսպասելիորեն սկսեցին զարմանալ, թե ինչու երկիրը ԵԱՏՄ չի մտնում ԼՂՀ հետ միասին, վրդովվել, թե ինչու Հայաստանի նախագահը ՙՆազարբաևին իր տեղը չդրեց՚: Իրականում Նազարբաևի հայտարարույթունը ոչ մի կերպ խնդիրներ չի ստեղծել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին`կապված լինելով բացառապես Բաքվի և Աստանայի ռևերանսների, Աստանայի և Մոսկվայի միջև հարաբերությունների պարզման հետ:Նազարբաևի, ինչպես նաև Լուկաշենկոյի նման հայտարարությունները Մոսկվայից տնտեսական արտոնություններ կորզելու միջոցներից, լծակներից մեկն են՚,- ընդգծել է նա:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը կարող է ԵԱՏՄ լիիրավ անդամ հանդիսանալ, բայց ոչ երբեք դե-յուրե չճանաչված, սակայն 1991 թվականից դե-ֆակտո անկախ ԼՂՀ-ն: Համապատասխանաբար, Հայաստանի մաս չլինելով`ՀՀ հետ միասին ԵԱՏՄ մտել Ղարաբաղն, ըստ էության, չի կարող: Այնուամենայնիվ, Մինասյանի խոսքով, ԼՂՀ-ն և Հայաստանը կշարունակեն մնալ միասնական տնտեսական և ռազմաքաղաքական գոտի:
ՙԸնդհանուր առմամբ Կրեմլի եվրասիական նախագծերին Հայաստանի անդամակցությունն իմաստ ունի բացառապես Ղարաբաղի հետ միասին: Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ընդունվել է` առաջին հերթին ելնելով Ղարաբաղի անվտանգության գործոնից: Հետևաբար, Ղարաբաղի անվտանգության գործոնի թուլացումը կհանգեցնի այդ նախագծերին Երևանի մասնակցության անհնարինության, ինչը Մոսկվայում շատ լավ հասկանում են՚,- ամփոփել է Մինասյանը: