ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մտադիր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի նվազագույնի հասցնի հասարակական տրանսպորտով երթևեկության գների աճը`կապված հուլիսի 7-ից գազի գների աճի հետ: Այդ մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով, ներկայումս համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, և մի քանի օրից կներկայացվեն արդյունքները, որոնք անհրաժեշտ են սակագնի բարձրացման վերաբերյալ հայտերի ստացման դեպքում համալիր մոտեցման համար: Բեգլարյանը ավելացրել է, որ գոյություն ունի տրանսպորտի տարբեր տեսակների համար շուրջ 40 սակագին`100-ից մինչև 5000 դրամ:
Անդրադառնալով Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարություններին`Բեգլարյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել փաստեր չպարունակող անլուրջ հայտարարությունները: Ավելին, նախարարը մտադիր է դիմել Խորհրդի ղեկավարին`առաջարկելով հանձնաժողովների նախագահներ նշանակել ոլորտին ծանոթ մարդկանց: Նա նաև ավելացրել է, որ ինչպես Տիգրան Հովհաննիսյանը, այնպես էլ ՙՔաղաքացիական կողմնորոշում՚ ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը ՙհանդես են գալիս տրանսպորտի նախարարության դեմ, քանի որ կառավարությունը զրկել է նրանց մեծ գումարներից՚: Նա ընդգծել է, որ ՙերկար տարիներ վերոհիշյալ անձինք գումար են հավաքել տաքսիների վարորդներից ու մսխել՚:
Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Հովհաննիսյանը և Փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը հայտարարել են, որ տրանսպորտի գների թանկացման դեպքում իրենք գործադուլ կհայտարարեն: