Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ, որոշում է. հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները, նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը, մամուլի ազատության շեշտակի բարձրացումը, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը, արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները, նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը, ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները, արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը, նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները հայտարարել են, որ կուսակցությունը շարունակում գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաև հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը` կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ, մենաշնորհների վերացում, քաղաքականության և բիզնեսի տարանջատում, կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից, պայքար արտագաղթի պատճառների դեմ, ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում, արցախի իրավունքների շարունակական պաշտպանում:
Նշենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը 2009 թվականի վերջին բաժանվեց 2 թևերի, կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին ազատելով իր պաշտոնից, և նոր ղեկավար ընտրելով Գևորգ Պերկուպեկյանին, ինչպես նաև նոր վարչություն: Այս տարվա հունվարին ՍԴՀԿ նախկին նախագահ Լյուդմիլա Սարգասյանն ու նրա կողմնակիցները հրավիրեցին հերթական համագումար, նրան ընտրելով կուսակցության նախագահ: ՍԴՀԿ երկու թևերն էլ ներկայումս շարունակում են միմյանց մեղադրել կայացած որոշումների անօրինականության և կուսակցության կանոնադրությունը չպահպանելու մեջ, ընդ որում, մեկի ձեռքում է ռիտուալային սուրը, իսկ մյուսի ձեռքում` կնիքը: