Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա
մակարդակը, ինչպես նաև հայ համայնքի դերը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական
կյանքում: Այդ մասին հայտարարել է
Ֆրանսիայի նախագնահ Ֆրանսուա Օլանդը Երևանում` Հայաստանի իր պաշտոնակից Սերժ
Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել է Հայաստանի հետ տնտեսական
կապերն աշխուժացնելու անհրաժեշտությունը, ընդսմին հավելելով, որ շրջափակումը
դժվարացնում է ապրանքաշրջանառությունը: Այդուհանդերձ, կարծում է Օլանդը, հարկավոր
է ֆրանսիացի ներդրողներին համոզել, որ Հայաստանում առկա են ներդրումների համար
բարենպաստ պայմաններ:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի
աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, և այդ
համատեքստում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում
Փարիզում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ
հարաբերությունների հեռանկարին` Օլանդը հայտարարել է, թե հարկավոր է «ԵՄ-ին
համոզել տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանում» և հատուկ մոտեցում դրսևորել նրա
նկատմամբ` նրա տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով:
Օլանդը նաև հաստատել է 2015 թվականին Հայաստան այցելելու
և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու իր
մտադրությունը: «Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին, և մեր բարեկամությունը
հիմնվում է սերտ պատմամշակութային կապերի վրա», - ասել է նախագահը:
Հայոց պետության ղեկավարն իր հերթին հաղորդել է, որ
Օլանդի Հայաստան այցի ընթացքում ստորագրվել է 7 նոր պայմանագիր` տարբեր
ոլորտներում համագործակցության շուրջ: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել
այսուհետև էլ զարգացնելու փոխգործակցությունը: Ֆրանսիական ներդրումների ծավալը
Հայաստանի տնտեսությունում հասնում է 1 մլրդ դոլարի, հայկական շուկայում
ներկայացված են ֆրանսիական 180 ընկերություններ, առաջիկայում դրանց կավելանա ևս
մեկը` Сarrefour սուպերմարկետների ցանցը», - ասել է Սարգսյանը:
Նա
հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկվել են նաև տարածաշրջանային
խնդիրներ, Թուրքիայի դերը Քեսաբի իրադարձություններում, ինչպես նաև Անկարայի
կողմից Հայաստանի շրջափակումը: Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարը վերստիկն
հաստատել է իր նվիրվածությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը: Սարգսյանը
Ֆրանսիային երախտագիտություն է հայտնել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման,
ինչպես նաև այդ ոճրագործության ժխտումն իրավական մակարդակով կասեցնելու
պատրաստակամության համար, ինչը շատ կարևոր է Անկարայի ժխտողական քաղաքականության
ֆոնին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին: Սարգսյանը բարձր է գնահատել
2015 թվականին Հայաստան այցելելու վերաբերյալ Օլանդի հայտարարությունը` այն
համարելով հայ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորում: