Հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ձերբակալությունից հետո կտրուկ վատթարացել է, հայտնում է Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը:
ՙԼեւոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որը այս պահին պատրաստվում է բողոքարկել բասմանյան դատարանի որոշումը, վերադաս դատարան խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ պաշտպանը հայտնել է որ Լեւոնի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. Լևոնը վերջերս տարել է ինսուլտ և եթե չլինի բժիշկների հսկողության տակ՝ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին…՚,- նշված է էջում։ Տվյալ պահին Հայրապետյանն արդեն ստացել է ինսուլինի անհրաժեշտ դեղաքանակը և գտնվում է բավարար վիճակում:
Գործարարը չի ընդունում իր մեղքը, ավելին` ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչները հավաստում են, որ Հայրապետյանի նկատմամբ գործը սարքված է, սակայն թե ում կողմից և ինչ նպատակներով, դեռ չի ասվում:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում) և 174 (հանցագործ փողերի լեգալացում) հոդվածների հատկանիշներով կատարված հանցագործությունների մեջ:
Նշենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին: Միջոցառումներն իրականացվել են ՌԴ Քննչական կոմիտեի ՙկինգիսեպյան՚ հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որին վերագրվում են տասնյակ պատվիրված սպանություններ: Ինչպես ՙՌոսբալթին՚ հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, Լևոն Հայրապետյանն ԱԴԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է հուլիսի 15-ին ՙԴոմոդեդովո՚ օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից: Լևոն Հայրապետյանի` հանցավոր խմբի հետ կապ ունենալու հնարավորության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր` ցմահ բանտարկված Իգոր Իզմեստևը: