Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ ՙՀակահարված՚ խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել ՙԱ1+՚ հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները ՙԲարեւ Ռոբ՚ գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ ՙՊապլավոկ՚ սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։
ՙԼրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաեւ խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է նրա վրա, հարվածել ձեռքին եւ գետնին գցել նկարահանող սարքը:
Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսեւորած եւ բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես ՙանվտանգության աշխատակից՚: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետեւաբար՝ քրեորեն պատժելի արարք: Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք`ՀՀ Ազգային ժողովից՝ պատասխանատվության ենթարկել նշված անձնավորությանը եւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով, ՀՀ դատախազությանից՝ սույն հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին՚,- ասվում է յոթ լրագրողական կազմակերպության հայտարարության մեջ: