ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է հանրապետության երեք խոշոր հավկիթ արտադրող ընկերություններ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, աշխատանքային այցը նախարարը սկսել է Արմավիրի մարզի ՙԱրաքս թռչնաֆաբրիկա՚ ԲԲԸ-ից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, եղել է թռչնաբուծարաններում և հավկիթի փաթեթավորման արտադրամասում: Այսօր այս ընկերությունը բավարարում է տեղական շուկայի հավկիթի պահանջարկի 30%-ը: Այնուհետև նախարարը մեկնել է Կոտայքի մարզի ՙԱրզնի տոհմային ԹՏԽ՚ ԲԲԸ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚:
ՙՄենք արդեն երկու ամիս է ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան և այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դիվիցիտ: Մեր տեղական արտադրության ծավալները մեզ կբավարարվի՚,- նշել է նախարարը:
Անդրադառնալով հավկիթի թանկացմանը` նախարարը մասնավորապես նշել է, որ այն պայմանավորված է թե′ գազի, թե' էլեկտրոէներգիայի, թե' կերի թանկացումների հետ: Նկատի ունենալով ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 16 մլն ձվի լրացուցիչ պահանջարկը, հանրապետության բոլոր թռչնաբուծարաններն էլ ձեռնամուխ եղան վառեկները ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակի ավելացմանը: Վերջին 2-3 ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 373 հազար վառեկ, որոնց ձեռք են բերել ՙԱրզնիի տոհմային ԹՏԽ՚ ԲԲԸ-ը, ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚-ն, ՙԱրաքս թռչնաֆաբրիկա՚ ԲԲԸ -ը, ՙԱշտարակ Ձու՚ ՍՊԸ-ն և այլ ֆաբրիկաներ:Ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից, 60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավել ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը:
Այցի ավարտին հավկիթ արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին տեղեկացրեցին, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում: