Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական միջադեպը Ռուսաստանի կողմից օգտագործվել է`հակահայկական քարոզչության նպատակով, հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, միջադեպից հետո իրադարձությունների հետագա զարգացումը` Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելը, կոշտ հրապարակումները ռուսական ԶԼՄ-ներում, վկայում է Ռուսաստանի հստակ քաղաքական դիրքորոշման մասին: Ինչպես նշվել է, կանխամտածված նվաստացուցիչ վերաբերմունքը Հարությունյանի նկատմամբ վիրավորանք է Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ`նախագահից սկսած:
Միաժամանակ Իշխանյանը մատնանշել է նաև հանրապետության սոցիալական ծանր իրավիճակը, ինչն ստիպել է Հարությունյանին լքել Հայաստանը`գումար վաստակելու նպատակով: Այն, որ Հարությունյանի նման մարդիկ, ովքեր կռվել են հայրենիքի համար, հայտնվում են նման ֆինանսական դժվար կացության մեջ, Իշխանյանն ամոթալի է համարել երկրի համար:
ՙԱքիլես՚ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ-ում անհասկանալի շատ բան կա: Մասնավորապես`նա մատնանշել է տեղեկատվության բացակայությունը, թե տվյալ խաչմերուկի ճանապարհներից որն է եղել գլխավորը, որը`երկրորդական: Բացի այդ, Հովհաննիսյանն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ճակատագրական խաչմերուկում լուսաֆոր է տեղադրվել ողբերգական միջադեպից հետո միայն: ՙԴա վկայում է այն մասին, որ մինչև ՃՏՊ-ն այնտեղ լուրջ թերություններ են եղել՚,- նշել է նա: