Ապրիլի 26-ին Երևանում տեղի կունենա Արմեն Տիգրանյանի ՙԱնուշ՚ օպերայի պրեմիերան:
Ինչպես պատմել է օպերայի բեմադրող և լիբրետոյի ադապտացման հեղինակ Սերժ Ավետիքյանը ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, նոր ՙԱնուշն՚ զգալիորեն կտարբերվի հանդիսատեսին ծանոթ բեմադրությունից: Այսպես, դրանում գործարկվել է ընդամենը 37 մարդ` ներառյալ երաժիշտները: Բացի այդ, կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանի գործիքավորման շնորհիվ օպերայում առաջին անգամ կհնչեն հայկական ժողովրդական գործիքներ:
Հետաքրքիր լուծում կլինի այն, որ ներկայացման մեջ ՙՀովեր՚ երգչախմբի մասնակիցները կկատարեն երկրորդական դերեր: Երևանում նորացված ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի ապրիլի 26-27-ին և մայիսի 3-4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դրանից հետո ՙԱնուշ՚ օպերան կարող է դիտել նաև ֆրանսիացի հանդիսատեսը. մայիսի 22, 23, 25 և 26 –ին այն կցուցադրվի Նանտեր- Ամանդյե թատրոնի բեմում: Օպերայի դիրիժորը կլինի Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, հագուստների և բեմի ձեւավորումը` Նիկոլա Մյուզենի, լուսային ձևավրման գծով մասնագետ` Ժան Մարկ Սկաչկո: Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (Անուշ), Լիպարիտ Ավետիսյանը (Սարո), Գուրգեն Բավեյանը (Մոսի), Քրիստինե Սահակյանը (Անուշի մայրը) և Լիլիթ Սողոմոնյանը (Սարոյի մայրը):
Օպերային ներկայացումը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրագործվել է երկու պետությունների մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: