ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնությունը Հայաստանի վարորդներին կոչ է անում տուգանքներ չվճարել ՃԵԿ խախտման համար, այլ դատական կարգով բողոքարկել դրանք:
Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական շարժման նախաձեռնողներից մեկը` Վարդան Հակոբյանը:
ՙԹող դատարանը որոշի, թե որքանով են դրանք իրավազոր: Մի վճարեք նույնիսկ 5 հազար դրամի ակտի դիմաց, սա պայքարի ձև է՚,- ասել է նա: Հակոբյանը նշել է, որ ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնության մեջ ընդգրկված են վարորդներ և մի խումբ իրավաբաններ, ովքեր պատրաստ են անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել:
Նա նշել է, որ հուլիսի 17-ին Երևանում մեկնարկում է ՙԴուրս մեր գրպանից՚ հերթական ավտոերթը` ՙՉենք մուծում, բողոքարկում ենք բոլոր ակտերը՚ կարգախոսով: Նախաձեռնողի խոսքով, Հայաստանում ամեն օր ՃԵԿ խախտման համար 4 հազար տուգանք է արձանագրվում: /Դրամական արտահայտմամբ դա կարող է կազմել օրական շուրջ 40 մլն դրամ կամ ամսական 480 մլն դրամ կամ տարեկան 5,7 մլրդ դրամ, եթե հաշվի առնենք, որ մեկ ակտի արժեքը կազմում է միջինը 10 հազար դրամ-խմբ./: Հակոբյանը ճանապարհներին տիրող ներկայիս իրավիճակը համարում է ռեկետ, ըստ որում` ոչ թե պետության, այլ մասնավոր ընկերության կողմից, որն ստանում է տուգանքների վճարումներից եկամուտների 70%-ը:
Հակոբյանն ավելացրել է, որ Հայաստանում չափազանց շատ տեսախցիկներ են տեղադրված: Օրինակ`Գերմանիայում տեղադրված է ընդամենը 3400 տեսախցիկ, իսկ Հայաստանում, որն առնվազն 60 անգամ փոքր է տարածքով, տեսախցիկների թիվն արդեն գերազանցել է 1 հազարը: ՙԵս դրանում տեսնում եմ բիզնես անելու, այլ ոչ թե անվտանգ երթևեկություն ապահովելու ակնհայտ մտադրություն՚,- ասել է նա: