Մարմնավաճառության դեմ հայ ոստիկանների պայքարը շարունակական բնույթ է ստացել: Այդ մասին նշվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են բերվել շուրջ 3 տասնյակ կանայք: Գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին են հրավիրել ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում:
Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց և Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տևական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց՝ նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
Նշենք, որ մարմնավաճառների դեմ ոստիկանների պատերազմն ընթանում է ոչ թե մշտական հիմունքով, այլ` պարբերաբար: Վերը նշված փողոցներում մարմնավաճառները, հիմնականում, հանգիստ կանգնում են տարվա գրեթե բոլոր օրերին` անկախ եղանակային պայմաններից: Սակայն, որոշակի օրերի ոստիկանությունը շրջայցեր է կատարում այդ փողոցներ` փախուստի մատնելով մարմնավաճառներին և նրանց օգնականներին: Նշենք նաև, որ Շենգավիթի բոլոր մանր հյուրանոցներն ու մոթելները, գործնականում, զբաղվում են մարմնավաճառների և նրանց հաճախորդների սպասարկմամբ` տրամադրելով համարներ 1 ժամի դիմաց 3-10 հազար դրամով: