Ազատամարտիկները շարունակում են Ազատության հրապարակում նստացույցը:
Ինչպես հայտարարել է պահեստի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որն արդեն 5-րդ օրն է հացադուլ է անում, այդ գործողությամբ նա բարոյական աջակցություն է ցուցաբերում իր ազատամարտիկ ընկերներին, ովքեր արդեն ավելի քան երկու ամիս փորձում են իրենց վրա հրավիրել իշխանությունների ուշադրությունը, միաժամանակ նա չի հաղորդել, թե երբ է պատրաստվում դադարեցնել հացադուլը:
Հուլիսի 17-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին: ՙՄեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք՚, - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանալ: