Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ինքնիշխան որոշում է կայացրել, հետևաբար, այն արժանի է հարգանքի: Հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
ՙԱյդ որոշումը բխում էր երկրի շահերից, որը պետք է հարգել, մենք այն հարգում և ընդունում ենք՚, - նշել է դեսպանը: Ընդ որում դիվանագետը նկատել է, որ Հայաստանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է Եվրամիության հետ բոլոր մակարդակների հարաբերությունները պահպանելու և խորացնելու մտադրության մասին` որքանով դա չի հակասի ՄՄ-ին: Նա վերստին նշել է, որ ԵՄ Հայաստանի առջև դռները չի փակել, և Երևանը կշարունակի քաղաքական համագործակցությունն ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրի շրջանակում: Այն առնչությամբ, թե արդյոք Հայաստանի նման որոշումը Ռուսաստանի ճնշման արդյունք է, դեսպանը հայտարարել է, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում: