Հայաստանի
խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում
խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համախմբմանը` ի դեմս ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և
«Ժառանգության»:
«Եթե հասարակության շրջանում կա դժգոհություն այս կամ
այն հարցի առնչությամբ, շատ լավ է, որ վերը նշված ուժերն այդ մասին բարձրաձայնում
են խորհրդարանի ամբիոնից», - նշել է խոսնակը: Մեկնաբանելով «քառյակի»
ներկայացուցիչների այն հայտարարությունը, թե շուտով իրենց կհարեն նաև կառավարող
ՀՀԿ շատ անդամներ, նա դա համարել է քիչ հավանական:
Անդրադառնալով խորհրդարանում կառավարությանն
անվստահության հարց բարձրացնելու «քառյակի» նախաձեռնությանը` Աբրահամյանը
հայտարարել է, որ եթե կա նման նախաձեռնություն, ապա կառավարող ՀՀԿ-ն պարտավոր է
դրան անդրադառնալ: Ընդ որում խոսնակը քիչ հավանական է համարել նախագահի
հրաժարականի մասին «Ժառանգության» և ՀԱԿ պահանջին ԲՀԿ միացման հնարավորությունը: