ՀՀ ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը նոր ծառայությամբ:
Օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը հաղորդել է, որ համակարգը ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր և միջին ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում այսուհետ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու: Համակարգն ի սկզբանե հնարավորություն էր տալիս էլեկտրոնային եղանակով վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները: Այժմ e-payments.am-ի միջոցով կարելի է իրականացնել, օրինակ, ճանապարհային ոստիկանության տուգանքների կամ ավտոկանգառների համար վճարումները, ասել է վարչության պետը: Նա ավելացրել է, որ կարելի է վճարել նույնիսկ հյուպատոսական ծառայությունների դիմաց` PayPal հաշվարկային համակարգով:
Տիտիզյանն ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է, որ հոկտեմբերից հնարավոր կլինի իրականացնել նաև ավտոմեքենաների տեխզննման դիմաց էլեկտրոնային վճարում, իսկ կտրոնը հասցեատիրոջը կուղարկվի փոստով: