«Օրանժ» հիմնադրամը և
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ներկայացրել են «Օգնենք
աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում 2014 թվականի պլանները: «Օգնենք
աուտիզմով երեխաներին» ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ին՝ նպատակ ունենալով նպաստել
Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանը, աջակցել աուտիզմով երեխաներին և
նրանց ծնողներին խնդրին առնչվող բոլոր հարցերում և ներդնել աուտիզմի ախտորոշման ու
բուժման ժամանակակից միջոցներ:
Ինչպես նշվում է «Օրանժ» ընկերությունից ԱրմԻնֆո գործակալությանը
գտրամադրված հաղորդագրությունում, «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի կարևոր նպատակներից է աուտիզմով
երեխաների ինտեգրումը հասարակություն՝ վերջիններիս ընձեռելով մասնագիտական կրթություն ստանալու
հնարավորություններ: Ծրագրի շրջանակներում անցյալ տարի առաջին անգամ Երևանի
ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում կազմակերպվել է աուտիզմով
երեխայի մասնագիտական կրթություն, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
«Արդեն չորս տարի
է, ինչ մենք համագործակցում ենք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական
հիմնադրամի հետ: Այս համագործակցության շրջանակներում մեր կարևորագույն
նպատակներից մեկն է ստեղծել աուտիզմով երեխաների կենսագործունեության համար
անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի այս երեխաների լիարժեք ինտեգրմանը
հասարակություն, կօգնի նրանց ծնողներին, ինչպես նաև աուտիզմի դեպքերի վաղ
հայտնաբերման և բուժման համար առավել կատարելագործված միջոցներ հասանելի կդարձնի
խնդրի հետ անմիջականորեն առնչվող բուժանձնակազմին և կնպաստի նրանց մասնագիտական
հմտությունների զարգացմանը», - ասել է «Օրանժ» հիմնադրամի խորհրդի
նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
2014 թվականին
«Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում աուտիզմով և հաղորդակցման այլ
խանգարումներով երեխաների համար նախատեսվում է ստեղծել ինտեգրված ծառայությունների
մի համապարփակ համայնքային մոդել: Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզն ու դպրոցը կհամապատասխանեցվեն նման երեխաների կարիքներին՝ համալրվելով
անհրաժեշտ պարագաներով, համապատասխան գիտելիքներ և փորձ փոխանցելով աուտիզմով
երեխաների կրթական գործընթացում ներգրավված դաստիարակներին և մանկավարժներին: Աուտիզմով
երեխաների մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով Հայաստանում առաջին անգամ
2013թ. մեկնարկած ծրագիրն այս տարի ևս կունենա շարունակություն և կարի բաժնում
սովորող երիտասարդն արդեն մասնագիտական պրակտիկան կանցնի արտադրամասում, որտեղ էլ
այնուհետև կընդունվի աշխատանքի: Ջանքեր չեն խնայվի նաև այս երեխաների կրթական
գործընթացում այլ հաստատություններ ներգրավելու համար:
«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ծրագիրն
ամեն տարի ամփոփում է մեծ արդյունքներ և նոր խնդիրներ է դնում աուտիզմով երեխաների և
երիտասարդների կյանքի որակի բարելավման, հասարակության ինտեգրման գործում: Ծրագրի
կարևոր ձեռքբերումներից եմ համարում Հայաստանում պիլոտային եղանակով մեկնարկած
աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրման ծրագիրը, որի հաջողությանը
այսօր բոլորս միասին ականատես ենք լինում: Այս ծրագիրը հնարավորություն կտա
աուտիզմով երեխաների ինքնուրույնության, սոցիալական ապահովության, հասարակությանը
լիիրավ անդամագրվելուն: Մյուս կարևոր ձեռքբերումը համայնքային
առողջապահական-կրթական մոդելի ներդրման և զարգացման ծրագիրն է, որը կարևոր
նշանակություն ունի խնդրի շուրջ համակարգային մոտեցման և ռազմավարության
ձևավորմանը: Հուսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի և հնարավորություն կընձեռի Հայաստանում աուտիզմով երեխաների բարօրությանը», - նշել է «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի նախագահ Արա Բաբլոյանը:
2012 թվականին «Օգնենք աուտիզմով երեխաներին»
ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական
պոլիկլինիկան համալրվել և կահավորվել է համապատասխան վերականգնողական պարագաներով:
Պոլիկլինիկայի ողջ բուժանձնակազմի համար «ԱրԲեՍ» առողջության և ցերեկային խնամքի
կենտրոնի կողմից կազմակերպվել են հատուկ դասընթացներ: Այս տարի ևս ծրագրի
շրջանակներում կշարունակվի պոլիկլինիկայի բուժանձնակազմի վերապատրաստման և
համապատասխան պարագաներով կահավորման գործընթացը:
Ավանդույթի համաձայն 2014 ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի մայրերի և
խնամակալների ուղեկցությամբ աուտիզմով և հաղորդակցման այլ խանգարումներով 16
երեխաների 14-օրյա հանգիստն Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: