«Հայֆիլմ»
կինոստուդիայի մառախլապատ ճակատագիրը հայտնվել է փորձագետների ուշադրության
կենտրոնում:
9 տարի առաջ կինոստուդիան 350 մլն.դրամով վաճառվեց CS Films-Studios ընկերությանը: Այն ժամանակ այդ ընկերությունը
պարտավորվեց կատարել կապիտալ վերանորոգում և իրականացնել կինոստուդիայի տեխնիկական
կահավորում: Սակայն, ինչպես «Ազատության» հետ հարցազրույցում նշել է Հայաստանի
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, հետագա տարիներին նշված
պայմանագրային պարտավորությունները չկատարվեցին:
Իսկ «Ոսկե ծիրան»
միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ, իր հերթին, «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի գործարքն անվանել է
հանցագործություն: «Դա ցածր արարք էր:
Կարելի էր փոխել կինոստուդիայի ֆինանսավորման համակարգը, կառուցվածքը, բայց չգնալ
այդ գործարքին»,-հայտարարել է նա այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Նրա
խոսքերով, այն ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի դեմ բացահայտորեն
արտահայտվում էին ընդամենը երկու հոգի` ինքը և «Ոսկե ծիրան» ծրագրերի տնօրեն
Միքայել Ստամբոլցանը: «Եվս 30 կինոգործիչներ լռությամբ մեզ սատարում էին,
վախենալով բացահայտորեն արտահայտել սեփական կարծիքը: Իսկ այսօր այդ
կինոգործիչները, որոնք կերան «Հայֆիլմի» վաճառքից ստացված գումարները, ցանկանում են
կինոստուդիան ետ ստանալ»,-նշել է Խաչատրյանը: