Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ նստացույցի մասնակիցները տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ ուժային կառույցները, քրեական հեղինակությունները, պետական ապարատի կողմից հովանավորվող անձինք փորձում են ճնշումներ գործադրել նստացույցի մասնակիցների աջակիցների և հարազատների նկատմամբ:
ՙՀայտնում ենք, որ մեր պահանջների կատարմանը հետամուտ լինելու գործում վճռական ենք, և ոչինչ, այդ թվում նաև մեր ծնողների ու հարազատների վրա ազդելու փորձերը չեն կարող փոխել մեր դիրքորոշումը: Դատապարտում ենք նման գործելաոճը և հայտարարում, որ հետամուտ ենք լինելու, որպեսզի բացահայտվեն և հրապարակվեն այն անձանց և կառույցների անունները, ովքեր փորձ կանեն ճնշումներ գործադրել, սպառնալ մեզ, մեր հարազատներին և աջակիցներին, միջամտել նրանց անձնական կյանքին և/կամ խաթարել նրանց առօրյան՚, - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ իրենք, առաջնորդվելով բացառապես իրավունքի գերակայությամբ և ոչ բռնի պայքարի մեթոդներով, նպատակ ունենք օրինախախտ և քրեական վարքագիծ դրսևորող պաշտոնյաների պաշտոնանկության միջոցով հասնել օրինականության հաստատմանը: Հայտարարության ներքո ստորագրել են Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը:
Ակտիվիստները պահանջում են լիովին չեղյալ համարել հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը և պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և ՙԵրևանտրանսի՚ ղեկավար Միսաք Համբարձումյանին: