Հայաստանի չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի /ՀՅԴ, ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես/ կողմից բարձրացված`կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հաջողությամբ չի պսակվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը:
ՙՊետք չէ մոռանալ, որ ՀՀԿ-ն, նույնիսկ առանց ՙՕրինաց երկիր՚ կուսակցության, մեծամասնություն է խորհրդարանում և կարող է ինքնուրույն երկրի զարգացման համար անհրաժեշտ որոշումներ կայացնել՚,- հայտարարել է հանրապետականը: Նա նաև նշել է, որ չի հավատում ոչ իշխանական ուժերի միջև երկարաժամկետ համագործակցությանը: ՙՀենց որ նրանց հաջողվի ինչ-որ էական բանի հասնել, օրինակ`վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, նրանք կսկսեն ՙիրար միս ուտել՚,- հայտարարել է պատգամավորը:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նշել է, որ ՀՀԿ-ն կհասկանա, թե որքան լուրջ է իրավիճակը մարտի 28-ին, երբ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ մտնի: Նա նշել է, որ որոշ հանրապետականներ ևս կքվեարկեն ընդդիմության այդ նախաձեռնության օգտին: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ ապագա վարչապետի թեկնածության և հետագա գործողությունների հարցը ՙքառյակի՚ շրջանում չի քննարկվել: