Ռուսաստանի հետ Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նոր հարաբերություններն այդ երկրի եվրաատլանտյան կողմնորոշման շրջանակներից դուրս չեն գա, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահի Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու Վրաստանի նոր նախագահի պատրաստակամությունը:
Հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն, ձայների 99,7%-ի հաշվարկից հետո 62,12% ձայնով հաղթել է ՙՎրացական երազանք՚ կառավարող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Դավիթ Բաքրաձեի օգտին քվեարկել է ընտրողների 21,72%-ը, Նինո Բուրջանաձեի օգտին` 10,18%-ը:ՙՄարգվելաշվիլին, իհարկե, ունի Թբիլիսիի և Մոսկվայի միջև լիարժեք երկխոսություն և հարաբերություններ հաստատելու բոլոր հնարավորությունները: Եթե նոր նախագահը կարողանա այդ երկխոսությունում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված նախապայմաններից, չեմ կարծում, թե Ռուսաստանն այդ դեպքում ինչ-որ պահանջներ առաջ քաշի՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Միաժամանակ Մարտիրոսյանը վստահ է, որ եվրաինտեգրումը և եվրաատլանտյան հանրությանը երկրի ինտեգրումը կշարունակեն Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգծի գերակայությունը մնալ:ՙՎստահ եմ, որ Վրաստանի նախագահի քաղաքականությունը փոփոխություններ չի կրի նաև Հայաստանի հետ հարաբերություններում: Նկատի ունենալով, որ Վրաստանն այսօր կառավարման 100% խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է` նախագահի փոփոխությունը մեծ հաշվով քիչ բան է որոշում: Հաշվի առնելով, որ Մարգվելաշվիլին ՙՎրացական երազանքի՚ անդամ է` հարևան երկրների հետ հարաբերեություններում արմատական փոփոխություններ պետք չէ սպասել՚,- ասել է ՙԺառանգության՚ փոխնախագահը:Նշենք, որ ընտվելուց հետո առաջին իսկ ճեպազրույցի ժամանակ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել:
Միաժամանակ նա նշել է, որ ՙՎրաստանն սկզբունքորեն հավատարիմ է մնալու Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների անկախությունը չճանաչելու քաղաքականությանը, ինչպես նաև մտադիր է կատարել արևմտյան գործընկերների` Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող բոլոր առաջարկները՚