Եկել է տառապանքին և ատելությանը վերջ դնելու, համարձակ քայլեր ձեռնարկելու և միմյանց զիջումների գնալու ժամանակը` կայուն խաղաղության հասնելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՙՆովոստի-Ազերբայջանը՚, Բաքվում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա ասելով, հակամարտող կողմերը պետք է համատեղ կառուցողական քայլեր իրականացնեն` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա: Ուորլիքը նաև նշել է, որ նախպատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և այցելություն Լեռնային Ղարաբաղ, որի շրջանակում ինքը մտադիր է առավելագույն տեղեկատվություն ստանալ հակամարտության մասին և ծանոթանալ այդ հարցի շուրջ տարբեր կարծիքներին: Նրա կարծիքով, ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարները համատեղ ջանքեր և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն տևական խաղաղության հասնելու համար` տարածաշրջանում հետագա բարգավաճում և զարգացում ապահովելու նպատակով: ՙԵվ այդ տևական խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում և երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների համարձակ քայլեր՚, - ասել է ԱՄՆ դիվանագետը, ընդգծելով տևական խաղաղության հասնելու ուղիների համատեղ որոնման անհրաժեշտոթւյունը հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրման 20-րդ տարեդարձի նախաշեմին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանձնարարությամբ ինքը մտադիր է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն: ՙԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզված է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծման ժամանակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով՚, - ասել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը:
Նա նաև նշել է, որ շաբաթվա վերջին վերադառնալու է ԱՄՆ, իսկ մինչ այդ Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ: Բացի այդ, Նյու Յորքում ՄԱԿ ընդհանուր նիստի շրջանակում նա հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: