ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով: Գործը վերաբերում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքին:
Ընթացիկ տարվա մայիսի 29 ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն մասին, որ ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված ապօրինությունների մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ինիր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաեւ 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար: Կատարվում է նախաքննություն: