Ադրբեջանի կողմից
հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն այդպես էլ համաշխարհային հանրության պատշաճ գնահատականի չի արժանացել: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հռոմում «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանն իր
ելույթում:
«Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք: Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը: Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թևաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե: Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում և կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում», - ասել է ՀՀ նախագահը, ընդգծելով, որ այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար:
«Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք... մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետևողական ենք մեր պարտականություններում: Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար», -
եզրափակել է Հայաստանի նախագահը: