Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ոչ մեծ առաջընթաց կա, ՙԱմերիկայի Ձայնի՚ հայկական ծառայությանը հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին հրահանգներ են տրվել խթանել կողմերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու: Այդ ուղղությամբ ակտիվորեն են աշխատում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Նշենք, որ հունիսի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՙԱմերիկայի Ձայն՚ ռադիոկայանին հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Ուորլիքը նշել է, որ լավ կլիներ, եթե նախագահներն ընդունեին այդ հրավերը, ինչը թույլ կտա կառուցողական բանակցություններ սկսել: ՙԱՄՆ-ը, հավատարիմ մնալով Մինսկի գործընթացին, նույնպես երկկողմ կարգով պատրաստ է հնարավորինս աջակցել խաղաղարար գործընթացին՚,- եզրափակել է նա:
Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը` դիվանագետը նշել է, որ այդ առնչությամբ մանրամասն տեղեկատվության չի տիրապետում: Ըստ որում, նա հիշեցրել է, որ միջնորդները բազմիցս հանդես են եկել ռազմական հռետորաբանությունը, սպառազինության գնումը դատապարտող հայտարարություններով: