Ստեղծվում է
այնպիսի տպավորություն, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Թուրքիա էր գնացել ընդամենը
«գալոչկայի» կամ նշվելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է տարածաշրջանային պրոբլեմների վերլուծաբան, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
Փորձագետը գտնում է, որ Թուրքիայի
նորընտիր նախագահի երդմնակալությանն Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը
դիվանագիտական սխալ էր:
«Պաշտոնական Երևանի
որոշումը` երկրի առաջին դիվանագետին ուղարկել մի երկրի նախագահի երդմնակալությանհ,
որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, մեծ սխալ էր: Էլ չեմ խոսում այն
մասին, որ Թուրքիայի նոր նախագահը, մինչ այդ լինելով այդ երկրի վարչապետը,
բազմաթիվ անգամներ հանդես է եկել հակահայկական դիրքերից: Բացի այդ, Թուրքիայի
կառավարությունը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել, և այդ պայմաններում հայ նախարարի
այցն, ընդհանրապես, կորցնում է իմաստը»,-հայտարարել է Հացպանյանը:
Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ
ղեկավարի այցի վերաբերյալ որևէ լուրջ արձագանք նույնպես չհաջողվեց ակնկալել:
«Թուրքական ԶԼՄ-ները փորձում էին հեգնական տեսքով գուշակել այցի նպատակները, իսկ
Սարգսյանի նամակի մասին նշվեց միայն ենթադրությունների շարքում: Նշվածից պարզ է
դառնում, որ ծիծաղելի է ՀՀ արտաքին քաղաքականության նախաձեռնողականության մասին
խոսելը, որ հայ նախարարին հաջողվեց թուրքական կողմի վզին փաթաթել իր
օրակարգը»,-ասել է փորձագետը:
Հացպանյանը
Նալբանդյանի այցը համեմատել է Դավութօղլու անցյալ տարի դեկտեմբերին Երևան կատարած
այցի հետ: Նրա խոսքով, թուրք նախարարի պաշտոնական այցի նախաշեմին պաշտոնական
մակարդակով խոսվում էր, որ նախարարների միջև որևէ հանդիպում չի լինելու, սակայն,
Դավութօղլուն եկավ ու բոլորին կանգնեցրեց փաստի առջև, հայկական կողմին ստիպելով
հանդիպել: «Նա եկավ Հայաստան և նախաձեռնությունը վերձրեց իր ձեռքը, ինչը չի կարելի
ասել նախարար Նալբանդյանի այցի մասին»,-նշել է Հացպանյանը: