ԲՀԿ վճռականորեն դատապարտում է բռնության կիրառումն ընդդիմադիր լրագրողի նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ապրիլի 23-ին ՀԱԿ կուսակցությունը տարածել էր հայտարարություն, որում հաղորդել էր, թե ապրիլի 23-ին Նոր Նորքի ընտրողների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման ընթացքում հանդիպման կազմակերպիչ Արամ Պապյանը խոչըդնոտել է լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքին, քանի որ նա ընդդիմադիր ԶԼՄ ներկայացուցիչ է: Պապյանն ու նրա կողմնակիցները խլել են լրագրողի լուսանկարչական ապարատը և մաքրել տեսագրությունը, ինչից հետո նրան ծեծի են ենթարկել: Արդյունքում` լրագրողը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:
Զոհրաբյանի ասելով, իր համար` որպես պատգամավորի, քաղաքացու և նախկին լրագրողի, միանգամայն անընդունելի է որևէ խոչընդոտի հարուցումը լրագրողների գործունեության համար: Պատգամավորն ընդգծել է, որ ընտրողների հետ ԲՀԿ անդամների հանդիպումներին հաճախ ներկա են լինում լրագրողներ, որոնք ՙվերևից՚ սադրանք հրահրելու հրահանգ են ստանում, սակայն, նույնիսկ այդ դեպքում, ԲՀԿ ըստ ամենայնի փորձում է թույլ չտալ կոնֆլիկտային իրավիճակներ և չխոչընդոտել այդ ԶԼՄ աշխատանքին: ՙՍակայն տվյալ դեպքում ես համոզված եմ, որ iLur-ի թղթակիցն ինքը ոչ մի դեպքում սադրանքի չէր գնա: Դա արդեն զանազան քրեական տարրերի և ՙբակային հեղինակությունների՚ ձեռքի գործն է: Նման երևույթներն անթույլատրելի են և հերթական անգամ ցույց են տալիս հանդուրժողականության և օբյեկտիվ իրականության մասին հայտարարությունների միջև տարբերությունը՚, - ասել է Զոհրաբյանը: