Մայիսի 5-ին, ժամը 08:00-ին բացվել են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընտրական տեղամասերը: Ընտրողների քվեարկությունը կշարունակվի մինչև 20:00: Ոստիկանության տվյալներով, Երևանում ընտրողների թիվը կազմում է 816 475 մարդ, որոնցից շուրջ 3000 Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք են, սակայն իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը: Ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 464 է:
Համաձայն ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի՝ Երևանի ավագանու խորհուրդը կազմված է 65 անդամից, որոքն ընտրվում են 4 տարով: Այս ընտրություններում 65 տեղի համար պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը, ՙՀայ Յեղափոխական Դաշնակցությունը՚, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը, ՙԱռաքելություն՚ կուսակցությունը և ՙԲարև Երևան՚ նախընտրական դաշինքը: Խորհրդում ընտրվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 6 տոկոսի, իսկ դաշինքը` 8 տոկոսի շեմը: