Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բիզնես-վարկառուները, տեղափոխելով
իրենց վարկերը Ինեկոբանկ, կարող են թեթևացնել իրենց վարկային բեռը՝ կրճատելով
ամսական վճարումների չափը և ստանալով վարկավորման արդիական պայմաններ:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մինչև հուլիսի 31-ը
դիմելու դեպքում հաճախորդները կստանանտոկոսային արձակուրդ: Այսպիսով, հուլիս կամ
օգոստոս ամսվա համար հաճախորդը կվճարի 0%, այսինքն վարկը կլինի բացարձակապես
անվճար, իսկ ամառվա ամիսների վճարումները կհետաձգվեն մինչև սեպտեմբերի 30-ը:
Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման (գրավի ձևակերպման հետ կապված) բոլոր
ծախսերը: Ակցիան գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
«Հաճախորդների պահանջարկի
ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պայմանավորված շուկայում իրավիճակի
փոփոխությամբ` մասնավորապես փոքր և միջին բիզնեսի հաճախորդներն ունեցել են վաճառքի
ծավալի անկում, ինչի արդյունքում վարկային բեռը ծանրացել է, ուստի առաջացել է
ամսական վճարումների չափի նվազեցման անհրաժեշտություն: Հետևաբար, մենք ստեղծեցինք
հին վարկերը նոր պայմաններով վերաֆինանսավորելու հնարավորություն: Հաշվի առնելով
հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության սեզոնային անկումը՝ մի քայլ էլ
առաջ գնացինք` հաճախորդներին ազատելով մեկ ամսվա տոկոսավճարից և տալով
հնարավորություն մարումներն իրականացնել մինչև սեպտեմբերի 30-ը, երբ շրջանառության
ծավալները կաճեն: Հաճախորդների վարկային բեռի թեթևացումը և համապատասխանեցումը
բիզնեսի մասշտաբին բխում է և՛ հաճախորդի, և՛ բանկի շահերից»,-ակցիայի վերաբերյալ
նշել է Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ինեկոբանկի ընդհանուր
վարկային ներդրումները 2014 թվականի ապրիլի 1-ին կազմել են 89,2 մլրդ դրամ,
տարեկան կտրվածքով աճը` 8,5%: ՓՄՁ վարկային պորտֆելը նույն օրվա դրությամբ 51.2
մլրդ դրամի, տարեկան աճը`11.2%: Բանկի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում
ՓՄՁ վարկերը կազմել են 57.4%: