Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի 19,350 մլրդ դրամ ($46,8 մլն) մեկնարկային գնով: Հայտերի ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 29-ին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից։
ԴԱՀԿԾ-ում հրաժարվել են ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել, թե որ կազմակերպությունում է գրավադրվել համալիրը, ամբողջությամբ, թե մասնակիորեն, և ներկայումս ով է վերջինիս սեփականատերը` վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը: Համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7 քմ է:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվել էր ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին 2,565 մլրդ դրամով: Սեփականատերը պարտավորվել էր պահպանել օբյեկտի անվանումը և պրոֆիլը, երեք տարվա ընթացքում 4,275 մլրդ դրամ ($9 մլն) ներդնել: Սակայն, գործարքի գումարը չվճարելու և ներդրումային պարտավորությունները չկատարելու պատճառով կառավարությունը 2006 թվականին գործարքը լուծելու որոշում է կայացրել: