ՙՉենք վճարելու 150 դրամ՚ շարժման մասնակիցները կեսօրից շարունակում են բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց և մտադիր չեն դադարեցնել պիկետը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից, պիկետի մասնակիցները մտադիր են գիշերն անցկացնել քաղաքապետարանի դիմաց: Նրանք երգում են հայրենասիրական երգեր և ստորագրահավաք են անցկացնում ընդդեմ մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման մասին որոշման:Շարժման մասնակիցները, մասնավորապես, պահանջում են չեղյալ հայտարարել հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման մասին որոշումը, այլ ոչ թե` դրա կասեցում: Բացի այդ, նրանք պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել և պաշտոնանկ անել Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և ՙԵրևանՏրանս՚ ընկերության տնօրեն Միսակ Հարությունյանին, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների որակի բարելավում և 7 օրվա ընթացաում ուղեվարձերի նվազեցում 50 դրամով` վերջն օրերին ուղեվարձի ապօրինի բարձրացման հետևանքով երևանցիների կրած վնասները փոխհատուցելու նպատակով:
Նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձերի բարձրացման մասին որոշումը, հայտարարելով, որ դրանք հետագայում, այնուամենայնիիվ, կբարձրացվեն` սակայն սոցիալապես անապահով խմբերին փոխհատուցման պայմանով: