Ներկայումս Ռուսաստանի համար առաջնահերթ է միջազգային պատժամիջոցներից խուսափելը, և դրա համար Մոսկվան կարող է զոհաբերել նույնիսկ Լեռնային Ղարաբաղը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի դրությունն օրեցօր կվատթարանա. ԵՄ և ԱՄՆ-ից բացի, արդեն վերջինիս դեմ են դուրս եկել Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան: ՙՇրջափակումից խուսափելու համար Ռուսաստանը կդիմի Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի հրաժարվեն պատժամիջոցներ կիրառելուց, իսկ վերջիններս կհամաձայնեն դրան` փոխարենը պահանջելով Լեռնային Ղարաբաղը՚,- հայտարարել է նա:
Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին` փորձագետը կանխատեսել է ՄՄ-ին վերջնական ինտեգրումից հետո հայաստանյան տնտեսության փլուզում` հանրապետություն ներկրվող ապրանքների գների անխուսափելի աճի պատճառով: