Բացվել է Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նախօրեին Գյումրի քաղաքում Երկաթուղայինի օրվա կապակցությամբ` ՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚ ՓԲԸ նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորել են ընկերության աշխատակիցներին տոնի կապակցությամբ, հետաքրքրվել աշխատանքի ու կենցաղի պայմաններով: Ընկերության ղեկավարը և դեսպանն այցելել են Գյումրիի ԴԵՊՈ, ճաշարան, հանգիստի սենյակներ և նիստերի դահլիճ: Ինչպես նաև նրանք նորաբաց հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1988 թ.Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին: Տեղի է ունեցել նաև հանդիպում Գյումրիի տեխնիկական քոլեջի ղեկավարության և ուսանողների հետ, որտեղ երկաթուղային կադրեր են պատրաստում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում ավելի քան 500 ուսանող: Քոլեջում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզվի ուսուցմանը: Ինչպես հաղորդել է միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի մասնագետների համար կրթական գործընթացի շատ կարևոր բաղադրիչ է Ռուսաստանի խոշորագույն բուհերում, առաջին հերթին`Դոնի Ռոստովում, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: