Ապրիլի 23-ի` լույս 24-ի
գիշերը Հայաստան կժամանի Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած մեծ պատվիրակություն, որը ներկա
կգտնվի Ծիծեռնակաբերդում, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում իրականացվելիք միջոցառումներին: Այդ մասին
օգոստոսի 12-ին լրագրողներին հայտարարել է տարածաշրջանային հարցերի փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Նրա ասելով, դա
կլինի միջազգային հանրության և հայության աչքերին թոզ փչելու ընդհանուր ռազմավարության
շրջանակում Անկարայում մշակված միջոցառումների գագաթնակետը: «Այդ ռազմավարության
շրջանակում նախատեսվում է Էսքիշեհիրում վերականգնված հայկական մեծ եկեղեցու
բացում, որոշակի հայկական տեղանունների վերականգնում Թուրքիայի քարտեզի վրա: Մարմարայով դեպի Հայաստանի
սահման տանող ճանապարհը կստանա Հանտ Դինքի անունը` դրանով իսկ խորհրդանշելով
խաղաղության ճանապարհը: Վերջապես, Թուրքիան կընդունի օրենք, որը թույլ կտա ԹՀ
քաղաքացիություն շնորհել կոտորված և երկրից տեղահանված հայերի բոլոր ժառանգներին,
որ սփռված են աշխարհով մեկ: Այդ օրենքը Ցեղասպանության զոհերի սերունդներին թույլ
կտա մասնակցել ընտրություններին և, նույնիսկ, ընտրվել», - նշել է նա:
Դրանով իսկ, ինչպես
կարծում է փորձագետը, չնայած Հայոց հարցի նկատամամբ Էրդողանի կոշտ դիրքորոշմանը,
նման ցուցադրական քայլերով նա միջազգային
հանրությանը կհասկացնի, որ իր Թուրքիան մարդասիրությամբ լի երկիր է, որը
դավանում է եվրոպական արժեքներ: Գործնականում` այդ ամենը մեկ թիզ անգամ առաջ չի
մղի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ավելին, կվնասի հայությանը`
Թուրքիային հաղորդելով նոր, բնավ ոչ վատ իմիջ:
«Այդ
ամենը տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ Հայաստանն այդպես էլ չունի
Ցեղասպանության ճանաչմանը նպատակաուղղված ընդհանուր ռազմավարություն: Առ այսօր
Երևանը ոչ մի անգամ հոդաբաշխ չի
արտահայտել այն, ինչ, ըստ էության, ակնկալում է աշխարհից Ցեղասպանության
առնչությամբ` ճանաչու՞մ, փոխհատուցու՞մ, հայրենադարձությու՞ն: Այդ պատճառով
Էրդողանն այսօր բոլոր հնարավորություններն ունի ձևացնելու, թե Թուրքիան ճանաչում է
Ցեղասպանությունը, նման մասնակի միջոցներով փափուկ բարձ դնել հայերի գլխի տակ, իսկ
իրաիանում` շարունակել իր ժխտողական քաղաքականությունը: Իսկ Թուրքիայի
ազգայնամոլներին նա կբացատրի, որ այդ բոլոր քայլերը դիվանագիտություն է, որն
իրականության հետ ընդհանուր ոչինչ չունի», - ամփոփել է Հացպանյանը: