Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը գործնականում անհնար է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը`մեկնաբանելով ԵԱՏՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկության վերաբերյալ Ղազախստանի նախագահի հերթական հայտարարությունները:
ՙԻհարկե, Նազարբաևն ինչ ուզի, կարող է ասել: Միաժամանակ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ գլխավոր տարածաշրջանային դաշնակից Թուրքիան կմիանա Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերին, գործնականում անհնար է: Վերջիվերջո, Թուրքիան արդեն գտնվում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտում, ինչն անհնար է դարձնում վերջինիս անդամակցությունը մեկ այլ տնտեսական և մաքսային գոտուն՚,- ընդգծել է նա: Մինասյանը նաև նշել է, որ նույնիսկ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, առնվազն տվյալ պահին, քիչ հավանական է թվում`հաշվի առնելով, որ ո’չ ՄՄ-ն, ո’չ ԵԱՏՄ-ն չեն հանդիսանում ձևաչափ, որի շրջանակներում կարելի էր կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
Քաղաքագետի կարծիքով, տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ֆորս-մաժորի բացակայության դեպքում Հայաստանը կմիանա ԵԱՏՄ ստեղծման վերաբերյալ պայմանագրին նախանշված ժամկետում`2015 թ. հունվարի 1-ից: