Ռուսաստանը մշակել և հայկական կողմին է հանձնել միգրացիայի խնդիրները կարգավորող համաձայնագիր, և այժմ Մոսկվան Երևանից պատասխան է սպասում, ինչից հետո կսկսվի փոխադարձ համաձայնեցման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում:
Ռոմոդանովսկին նշել է, որ համաձայնագրերի ստորագրումից հետո շատ խնդիրներ, կապված ՌԴ միգրացիոն օրենսդրությունում ընթացիկ տարվա հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունների հետ, կկարգավորվեն: Ըստ որում, նա ավելացրել է, որ համաձայնագրերը գործելու են դրանց ստորագրման պահից` անկախ այն բանից, թե երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո արդյոք կվերացվի Ռուսաստան մուտքի արգելքը ԴՄԾ ՙսև՚ ցուցակում հայտնված հայ քաղաքացիների համար, Ռոմոդանովսկին ասել է, որ դա առանձին հարց է, որն անհրաժեշտ է քննարկել հայկական կողմի հետ, և առայժմ չի կարող այն մեկնաբանել:
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական միգրացիոն գործընկերն է, և Մոսկվան զգացել է հայկական կողմի աջակցությունն ԱՊՀ հարթակում և դրա սահմաններից դուրս:Նա նաև ընդգծել է, որ միգրացիան կարևոր գործոն է Հայաստանի տնտեսական աճի ապահովման առումով: Նրա խոսքով, 2011 թ. Հայաստան է եկել $1,2 մլրդ, 2012 թ. $1,4 մլրդ, իսկ 2013 թ.` $1,8 մլրդ: ՙԱնշուշտ, եվրասիական ինտեգրման գործընթացները, տնտեսական ինտեգրումից բացի, ենթադրում են նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում: Որքան ավելի խորն է տնտեսության ոլորտում ինտեգրումը և աշխատանքի միասնական շուկայի ստեղծումը, այնքան ավելի շատ են մարդկանց անարգել տեղաշարժի և միգրացիոն ընթացակարգի կրճատման համար պայմանները՚,- ասել է Ռոմոդանովսկին: Նրա խոսքով, արդեն հիմա անհրաժեշտ է բանակցություններ սկսել հայկական կողմի հետ պետության տարածքում 30 օր առանց հաշվառման գտնվելու հնարավրության շուրջ: Նա ավելացրել է, որ միգրացիայի ոլորտում երկկողմ ՙճանապարհային քարտեզի՚ պարտադիր տարր պետք է հանդիսանա նաև քաղաքացիության հարցում փոխգործակցությունը: