Հայաստանի բնակչության միայն 8-10%-ը կարող է իրեն
շքեղություններ թույլ տալ Ամանորյա տոներին, իսկ մնացած 90%-ը գտնվում է շատ վատ
սոցիալական վիճակում, որոնցից 40%-ը, բառիս բուն իմաստով, պայքարում է իր
գոյության համար: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ
է հանդես եկել Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով,
Հայաստանում, գործնականում, բացակայում է միջին խավը: Ինչպես նշել է փորձագետը,
ամենահամեստ սեղանը Հայաստանում միջին հաշվով կկազմի 100-200 հազ. դրամ: «Բայց
այդպիսի փողեր Հայաստանում շատերի համար չկան»,-նշել է Պողոսյանը: Խոսելով
Ամանորյա զեղչերից, փորձագետը քաղաքացիներին կոչ է արել լինել ավելի զգոն: «Շատ
հաճախ զեղչերն արվում են նախապես բարձրացված գների նկատմամբ»,-հայտարարել է
Պողոսյանը:
Անդրադառնալով Հայաստանի
սուպերմարկետներում վաճառվող կոկորդիլոսների աղմկահարույց թեմային, Պողոսյանը
նմշել է. «Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք երթևեկում են շքեղ մեքենաներով, ապա
ինչու նրանք չեն կարող իրենց թույլ տալ համտեսել էկզոտիկ կենդանիների միսը: Բայց
ես գտնում եմ, որ դա մարդասիրական չէ այն խավի նկատմամբ, որը մի կտոր հաց գտնելու
համար փորփրում է աղբարկղները»: