Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ, ասվում է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ`ի պատասխան ՀԱԿ կուսակցության հայտարարության:
Նշենք, որ ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակում է կատարվել Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՙՎարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը՚: