Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով կասկածյալ Արշակ Սվազյանն ստորագրությամբ ազատ է արձակվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Նշենք, որ հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդն է: Սակայն, Մովսիսյանը հերքում է դա ու երդվում, որ որևէ առնչություն չունի Մանուկյանի վրա հարձակման հետ:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ ներկայացուցիչներն այդ միջադեպի համար մեղադրել էին իշխանություններին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանին: