Իրավիճակն այսօր այնպիսին է, որ Հարավային Կովկասում հերթական պատերազմը ոչ ոքի պետք չէ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ նոր պատերազմ սանձազերծելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:
ՙՀարավային Կովկասը բավականին բարդ տարածաշրջան է: Այնտեղ սերտորեն միահյուսված են մի շարք արտաքին խաղացողների էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերը: Եվ շատ հաճախ այդ շահերը բախվում են: Սակայն, իրավիճակի սրումը հազիվ թե այսօր համապատասխանում է նրանց շահերին՚,- ընդգծել է նա:
Նախարարը նշել է, որ այսօր միայն Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: Այս համատեքստում, նրա խոսքով, անկախ միջազգային իրավիճակից և շահերից, Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի ակնթարթային հակահարձակման: Միաժամանակ Օհանյանը համոզմունք է հայտնել, որ լայնամասշտաբ պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ, և Ադրբեջանի դիվերսիաները հազիվ թե տեղային բախումների շրջանակներից դուրս գան: