Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիայի
արդյունքում զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը (1995 թ. ծնված):
Սակայն, ինչպես Facebook-ի
իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը, մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի
ԶՈՒ ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի ընթացքում հայ զինծառայողները սպանել են ադրբեջանական
դիվորսիոն խմբի հրամանատարին: «Ինչպես ցույց է տալիս երեկվա դիվերսիան հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված «գերարհեստավարժների» միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ, սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին», - ընդգծել է նա։
Ավելի
վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ մայիսի 27-ի լույս
28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր:
Ըստ նախնական տվյալների, ադրբեջանական կողմը տվել է, առնվազն, երկու զոհ: Սակայն ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում
ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: