Նոյեմբերի 21-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը
հանդիպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝
«Եվրոպական Ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ»
հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Արցախի երիտասարդության
ձայնը» ծրագրի մասնակիցների հետ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ԱԳՆ
մամուլի ծառայությունից, ողջույնի խոսքում Կարեն Միրզոյանը կարևորել է նման
հանդիպումները՝ արտաքին քաղաքականության նկատմամբ երիտասարդության հետաքրքրության
բարձրացման առումով։
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին
քաղաքականության գերակա ուղղությունները և դրանց իրականացման ուղղությամբ
ձեռնարկվող քայլերը։
Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին,
Կարեն Միրզոյանը նշել է, որ նրա ընդարձակումը՝ նախ և առաջ պետականաշինության գործընթացում
Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից արձանագրված հաջողությունների
արդյունքն է։
Ներկաների խնդրանքով ԼՂՀ արտաքին գործերի նախարարը
անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցմանը,
նշելով, որ ԼՂՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում
ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների դուրս բերման և հետագայում սադրանքները
բացառելու ուղղությամբ։
Հիշեցնենք,
որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում,
ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում
ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի
խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո
գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման
գծին չափազանց մոտ է եղել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային
զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները
ճշտվում են: