ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավախություն չունի այն առնչությամբ, որ Հայաստանի իշխանությունները կսկսեն անվերջ և ըստ իրենց էության հոգնեցնող բանակցություններ ընդդիմության հետ` դրանով իսկ փորձելով թուլացնել բողոքավոր շարժումը: Այդ մասին Հովհաննիսյանը հայտարարել է մարտի 27-ին բաց մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
ՙԵս այդ առնչությամբ մտավախություն չունեմ, քանի որ փետրվարի 18-ի ընտրություններից հետո ժողովուրդն արդեն զգացել է հաղթանակի համը, և նրան արդեն հնարավոր չէ հետ դարձնել ճանապարհից: Ժողովուրդը պատրաստ է իր պայքարում գնալ մինչև վերջ, մինչև սեփական հաղթանակի վերջնական արձանագրում, այդ հաղթանակը հասցնել յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գյուղ՚, - նշել է Հովհաննիսյանը:
Նա ավելացրել է, որ միանգամայն օրինաչափ է, երբ բողոքի շարժմանը զուգընթաց ընդդիմությունը բանակցություններ է վարում իշխանության հետ` փորձելով մշակել արդյունավետ մեխանիզմներ դրված խնդիրներն իրագործելու համար: ՙՊայքարը հրապարակում և իշխանության հետ բանակցությունները երկու փոխլրացնող մեխանիզմ են: Ժողովուրդը չպետք է դառնա իշխանությունների կոմբինացիաների զոհ, այլ պետք է նրանց պարտադրի իր օրակարգը՚, - ասել է Հովհաննիսյանը: