Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այ հայտարարությունը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ՙԹուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին՚, - ընդգծել է Շարմազանովը:
Նշենք, որ հուլիսի 17-ին Բաքվում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը, քանի որ վերջինիս բազմամյա ջանքների արդյունքը, ցավոք, դեռ չկա: ՙՄենք պատրաստ ենք միշտ օգնություն ցույց տալ համանախագահներին և ինքներս պետք է մեծ ակտիվություն ցուցաբերենք գործընթացում: Կարելի է անցկացնել Մինսկի խմբի մասնակից երկրների դեսպանների հանդիպում՚,- ասել է Դավութօղլուն: