Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է ԵՄ արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Ըստ Trend-ի, այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «The
Business Year: Azerbaijan
– 2014»-ում հրապարակված հարցազրույցում:
Նրա ասելով, ԵՄ-ն լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման գործընթացը:
«Խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը պայմաններ կստեղծի անվտանգ ու կայուն ապագայի համար և Հարավային Կովկասի տարածաշրջանին կօգնի դրսևորել իր ողջ ներուժը՝ որպես կամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջև: ԵՄ-ին մտահոգում է առաջընթացի բացակայությունը կարգավորման գործընթացում: Այդ համատեքստում մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած հանդիպումը և գոհ ենք բարձր մակարդակի հանդիպումների վերսկսմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի
առնչությամբ», - նշել է Ֆյուլեն:
Եվրահանձնակատարը
նշել է, որ ԵՄ-ն երկու պետությունների ղեկավարներին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակում և ստանձնած պարտավորություններին համապատասխան մեծացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու համար: Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ն, մտահոգություն հայտնելով շփման գծում լուրջ միջադեպերի և այն հռետորաբանության առնչությամբ, որը հանգեցնում է լարված իրավիճակին, երկու կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել ստանձնած պարտավորույթունները և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: