Երևանի կենտրոնի կառուցապատումն իրականացվում է բիզնեսի շահերին
համապատասխան, նշել է «Հանուն կայուն
զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը դեկտեմբերի 23-ի մամուլի
ասուլիսում:
Փորձագետը նշել է, որ մայրաքաղաքի զգալի կանաչապատ
տարածքներ` Մոնումենտից մինչև Սարի թաղ, տրամադրվել են օլիգարխների առանձնատների
կառումանը: «Այն, ինչ մենք տեսնում ենք, ֆեոդալական քաղաքաշինության տիպիկ
դրսևորում է: Բացի այդ, Երևանում բիզնեսն իր ճանապարհին ամեն ինչ մաքրում է, ինչի
մասին վկայում է, օրինակ, ԱԳՆ շենքի վաճառքը և Ծածկած շուկան սուպերմարկեկտի վերածելու
շուրջ աղմուկը», - ասել է Դանիելյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում գործող օրենքները
նպատակաուղղված են այն բանին, որպեսզի լեռնահանքային արդյունաբերությունն ու
քաղաքաշինության ոլորտը գերշահույթ տան: Արդյունքում` շինարարական
ընկերությունների համար քաղցր պատառ են դարձել նույնիսկ բակային տարածքները, որոնք մերձակա շենքերի բնակիչներն ստիպված են
պաշտպանել գրեթե մարտով: Վտանգված են նաև դպրոցական հաստատությունները: Դանիելյանը
նշել է, որ քաղաքի կենտրոնում նույնիսկ
դպրոցների մարզահրապարակները և բուֆերային կանաչ տարածքները վերցվում են
բազմահարկ կառուցելու համար: Փորձագետի կարծիքով, այժմ Երևանն ընթանում է Մոսկվայի
ուղիով, որը, կետային կառուցապատման արդյունքում հայտնվել է տրանսպորտային
կոլափսում: «Դժբախտաբար, հանուն բիզնեսի և ելնելով օլիգարխների շահերից` Երևանի
քաղաքաշինության ոլորտում խախտվում են բոլոր նորմերը», - ընդգծել է նա: