Արևային էներգետիկան Հայաստանի էներգետիկայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է: Այդ մասին մայիսի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՏեխնոստանդարտ՚ ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Նրա ասելով, Հայաստանում արևի էներգիայի հորդումն ավելի քան բավարար է երկրի էներգիայի պահանջմունքն ապահովելու համար: Էներգակիրների, այդ թվում գազի գների մշտական աճի պայմաններում արևի էներգիան կարող է հանրապետությունն ապահովել էներգիայի անհրաժեշտ ծավալներով: Դրա համար, Համազասպյանի ասելով, անհրաժեշտ է, եթե ոչ պետության օգնությունը, ապա, համենայն դեպս, պետության կողմից մշտական քաշքշուկներից հրաժարում մի խումբ գիտնականների կողմից կենցաղում հելիոտեխնիկայի ներդրման փորձնական ծրագրի իրագործման դեպքում: Ինչպես կարծում է Համազասպյանը, պետական չինովնիկների շրջանում կոռուպցիան և ՙօտկատների՚ պահանջները խանգարում են ծրագրի իրագործմանը: Որպես կոռուպցիայի դրսրևորման օրինակ գիտնականը նշել է Սպիտակում արևային մարտկոցների արտադրության ձեռնարկության կառուցման գործում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հիմնադրամի միջոցների ներգրավման փաստը: Այդ նախագծին վիճակված չէր իրագործվել մի պարզ պատճառով` պահանջվում էր ՙօտկատ՚: Համանման ճակատագիր էր վիճակված նաև արևային մարտկոցների արտադրության մեկ այլ` հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկությանը, որի առնչությամբ պետությունից պահանջվում էին ընդամենը երաշխիքներ շվեյցարական բանկերից մեկի վարկի համար, որը համաձայնել էր տրամադրել 300 մլն դոլար:
Որպես երկրում պաշտոնյաների կամայականության և կոռուպցիայի օրինակ գիտնականը նշել է պետության կողմից հակակարկտային կայանքների գնումը: ՙԻնչ-որ մեկը շատ հարստացել է այդ թնդանոթների մատակարարումների համար տրամադրված վարկերի հաշվին, բայց ուր են դրանք, եթե տառացիորեն օրերս կարկտից տուժեցին ողջ շրջաններ, և գյուղացիները հայտնվել են սնանկության եզրին՚, - նշել է Համազասպյանը, ավելացնելով, որ իսկական գիտնականները երբեք նմանօրինակ գործարքի չեն գնա իշխանության ներկայացուցիչների հետ:
Մինչդեռ, Համազասպյանի ասելով, Հայաստանին անհրաժեշտ է 700 մլն դոլար ներգրավել 20 հազար կայանք տեղադրելու նպատակով, որոնք կարող են արտադրել ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալին հավասար էլեկտրաէներգիա, որը կազմում է հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Ընդ որում իրենք` գիտնականները, պատրաստ են ներգրավել այդ միջոցները, խնդիրն այն է, որպեսզի պետական այրերը, որոնք չեն օգնում, գոնե` չխանգարեն: Պետությունից պահանջվում է ընդամենը երկու գործառույթի կատարում` տարածքների տրամադրում, առաջին հերթին, գյուղական բնակավայրերում, և հարկային արտոնությունների տրամադրում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, մի խումբ գիտնականներ մտադիր են Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում տեղադրել սարքավորում, որը գյուղին թույլ կտա դառնալ առաջին լիովին հելիոֆիկացվածն աշխարհում: Հատկացված 1000 քմ տեղամասում նախատեսվում է կառուցել հավաքման արտադրամաս, ցուցադրավահանակներ, պահեստներ: Նախատեսվում է ՙԱրևային սրճարանի՚ և այլ օբյեկտների կառուցում: Գյուղը գտնվում է չափազանց գեղատեսիլ վայրում, որի մերձակայքում կան մի քանի ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում` 4-րդ դարի, այնտեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կարմիր վանքը: Ուստի, կարծում է Վ.Համազասպյանը, չի բացառվում, որ Սառնաղբյուրը, որպես առաջին հելիոֆիկացված գյուղ, հրապուրիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Ինչպես նշել է գիտնականը, օրակարգում է նաև գյուղական բաղնիքների, դպրոցների և հիվանդանոցների համար 50-200 կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչների զանգվածային արտադրության հարցը: Նախագծի երկրորդ փուլը կլինի նման կայանքներով Սառնաղբյուրի բաղնիքների, դպրոցների և հիվանդանոցների սարքավորումը, ինչպես նաև այնտեղ արևային էլեկտրակայանի կառուցումը, որը նախագծել է ակադեմիկոս Պարիս Հերունին: Ինչ վերաբերում է գյուղի բնակիչներին, ապա հելիոկայանքները նրանց կտրամադրվեն արտոնյալ պայմաններով: Միջոցների մեծ մասը (80 տոկոսը) կփոխանցի Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկայի հիմնադրամը, ինչպես նաև այլ կազմակերպություններ: Մեկ գյուղի հելիոֆիկացումն, անշուշտ, չափազանց կարևոր նախագիծ է: Սակայն դա ինքնանպատակ չէ: Վ.Համազասպյանի կարծիքով, դա կօգնի նորարարաական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների դուրս գալուն միջազգային շուկա: