Ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։ Անգլիական արտադրության ՙGuralp՚ մակնիշի նորագույն կայանները ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը, ներկա փուլում կատարվում են փորձարարական աշխատանքներ` ՍՊԾ Ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու և իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ: Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:
Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Ստուգողական չափումներն արդեն անցկացվել են ՙՄեծամոր՚, ՙԼեռնագոգ՚, ՙԱմբերդ՚, ՙԱրուճ-1՚, ՙԱրուճ-2՚, ՙՎանանդ՚, ՙՎարդանաշեն՚, ՙԴվին՚, ՙԿապուտան՚ և ՙՓարաքար՚ դիտակետերում: