Մեր մտավորականության ֆորումն աշխատանքն սկսել է հենց այն պատճառով, որ մենք վախենում ենք պայթյունից, որն Ադրբեջանի աշխարհաքաղաքական հանգամանքներում կարող է ունենալ ամենատխուր հետևանքներ, քանզի հենց որ այդ գործընթացները դառնան անկառավարելի, դրանք կարող են հեծնել ամենատարբեր արմատական ուժեր: Ես չեմ ցանկանում դրանց մասին բացահայտ խոսել, դրանք հանրահայտ են: Այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի պաշտոնի ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածու, հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը charter97.org կայքում զետեղված հարցազրույցում: ՙՌուսաստանում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում հանդիպումների ժամանակ ես մշտապես ընդգծում եմ այդ պահը: Այսօրվա իշխանություններն ասում են, թե իրենք կողմ են կայունությանը, իսկ մենք նրանց պատասխանում ենք. ՙԻսկ միթե՞ ընտրություններն ապակայունացում է: Մենք հենց առաջարկում ենք ընտրությունների միջոցով փոխել իրավիճակը, իսկ դուք, պայքարելով հանուն կայունության, երկիրը կհասցնեք անկառավարելի գործընթացների, որոնք մեր ժողովրդին մի քանի տասնամյակ հետ կշպրտեն, ինչպես տեղի ունեցավ Մերձավոր արևելքի շատ երկրներում՚, - ընդգծել է կինոռեժիսորը:
Նրա կարծիքով, ամենևին էլ պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, հատկապես, բռնապետական երկրում: Իսկ այսպես կոչված պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներն իշխանությունից դարձել են պրոֆեսիոնալ գործարարներ և մեծ պրոֆեսիոնալությամբ թալանում են երկիրը: Նրանք զրոյական քաղաքական գործիչներ են և չափազանց ցածր մտավոր ունակություններով մարդիկ: ՙՈմանք հաջողեցնում են հայտարարել, թե ես ՙԿրեմլի նախագիծ եմ՚: Ես նրանց ժպտալով երկար բացատրել եմ, որ դա ամենևին այդպես չէ, սակայն նրանք, միևնույն է, շարունակում են խոսել: Հանկարծ Ադրբեջան ժամանեց Ռուսաստանի նախագահը, և դա գնահատվեց որպես Ալիևի թեկնածության սատարում: Հիմա ինձ սկսել են մեղադրել այն բանի համար, որ ես, պարզվում է, չեմ վայելում Ռուսաստանի աջակցությունը, և դա թեթևամտություն է՚, - նշել է Իբրահիմբեկովը: ՙԿյանքումս առաջին անգամ սցենար գրողը ես չեմ: Սցենարը գրում է ժողովուրդը, ես ընդամենը գործող անձանցից մեկն եմ: Ադրբեջանում պարտադիր փոփոխություններ տեղի կունենան, քանի որ մարդկանց հիմնական զանգվածը դժգոհ է այն բանից, ինչ կատարվում է: Ժողովուրդն արդեն չի կարող հանդուրժել գողությունը, համատարած կոռուպցիան, բոլոր իրավունքների հրեշավոր ոտնահարւոմը, ներառյալ մասնավոր սեփականության իրավունքը՚, - ամփոփել է Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածուն: